Քննարկումն անցկացվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող աշխատանքային իրավունքների հանրային իրազեկման քարոզարշավի շրջանակներում: Հանդիպման նպատակն էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ վերհանել աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները և քննարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները: “Ֆոր Ֆեմ” կանանց իրավապաշտպան ՀԿ-ն նույնպես ուներ իր ներկայացուցչին այս քննարկմանը և փորձեցինք մեր ակտիվ ներդրումն ունենալ օրենսդրական այս փոփոխություններին:
Միջոցառմանը մասնակցեցին են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը, ՀՀ Արդարադատութնաբ փոխնախարար Տիգրան Խաչիկյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Հայաստանի գործատուների հանրապետական միության ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում առկա բացերը և խնդրահարույց կողմերը՝ առաջարկելով փոփոխություններ ու լրացումներ իրականացնել այն հոդվածներում, որոնք «տարընթերցման, տարընկալման, ոչ հստակ ձևակերպման հետ կապված խնդիրներ են առաջացնում»։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ նախատեսվող ցանկացած լրացում կամ փոփոխություն պետք է հավասարակշռված լինի՝ դիտարկելով և՛ գործատուների, և՛ աշխատողների իրավունքները, պարտականություններն ու շահերը։
Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետն առաջարկել է փոփոխություններ իրականացնել աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերի, պարտադիր կամ հարկադիր աշխատանքի սահմանման, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ հոդվածներում:
Ժորա Սարգսյանը կարևորել է նաև աշխատաժամանակի կառուցվածքն ու տևողությունը, աշխատողների լրացուցիչ և հատուկ ընդմիջումները, ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը, չվճարվող արձակուրդը սահմանող հոդվածների խնդրահարույց կողմերի հստակեցումը:
Հանդիպման ավարտին նախարարության ներկայացուցիչները լսել են հանրային քննարկման մասնակիցների առաջարկություններն ու դիտարկումները, որպեսզի առավել արդյունավետ դարձնեն ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին և լրացումներին ուղղված ջանքերը։